ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ. «Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016-ի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն անցկացնել Երևանում: 2018-ին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթնաժողովի հաջողությունը։
Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը կազմակերպում ենք տարիներ շարունակ, հերթական անգամ ի ցույց կդնի մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին և մշակութային ու լեզվական բազմազանությանը։ Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող ավելի քան 600 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներով այս երկամսյակը հիրավի բացառիկ միջոցառում է ֆրանկոֆոն ընտանիքի ողջ տարածքում։
Երկամսյակը առիթ է Հայաստանի ֆրանկոֆոն բոլոր դերակատարների՝ ՀՀ պետական կառույցների, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների և համալսարանների հետ միասին մեծ շուքով տոնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործուն մասնակցության համար։
Ողջունելի է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընդգրկումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մեկնարկած «2017 թվականի Մեծ շրջագայություն» նախաձեռնությունում, որի շրջանակներում 2017 թվականի ողջ ընթացքում իրականացվելու են Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ճանապարհորդություններ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Հայաստանում 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,- ասված է ուղերձում: